Հիշում ենք և պահանջում

Այսօր` ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մարդկության դեմ 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործության զոհը դարձավ 1.5 միլիոն մարդ՝ միայն հայ լինելու համար: 105 տարի առաջ իրականացված հայերի ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, անցյալը չի մոռացվելու: Ցեղասպանության զոհերի հանդեպ մեր սերնդի ամենամեծ պարտավորությունը հզոր, միասնական ու մարտունակ Հայաստանի կերտումն է։ Մենք ամուր և վճռական կերպով կանգնած ենք մեր հողին ու պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի ու սպառնալիքի։ Պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն այն արժեքների, որոնց շնորհիվ մարմնավորվում և կենդանության շունչ է առնում այն մեծ գաղափարը, որը մենք անվանում ենք Հայրենիք: Աստված պահապան Հայաստանի և Արցախի հանրապետություններին, Աստված պահապան մեր հաղթանակած և իմաստուն ժողովրդին։