Երազենք, գործենք և փոխենք։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Վայոց ձորի մարզային գրասենյակում այսօր ավարտվեցին «Երազենք, գործենք և փոխենք» ամառային կրթական դասընթացները։ Մեկ ամիս շարունակ Եղեգնաձոր համայնքի ավելի քան 35 երեխաներ, ամառային հանգստին զուգահեռ, կատարելագործեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները հայ ժողովրդի պատմության, մայրենի և օտար լեզուների, մաթեմատիկայի և նկարչության ոլորտներում։

Կրթական դասընթացի պատանի մասնակիցներին ողջունեց և հավաստագրեր հանձնեց «Հայրենիք» զարգացման հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը։ Շնորհակալություն հայտնելով դասընթացավարներին կատարված աշխատանքի համար՝ հիմնադրամի տնօրենը նշեց, որ մեր պետականության առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման լավագույն ուղին կրթված, բանիմաց ու հայրենասիրության ոգով դաստիարակված սերունդ մեծացնելն է։ Իսկ այդ գործում անգնահատելի է մեր սիրելի ուսուցիչների՝ իրենց մասնագիտության նվիրյալների վաստակը։